Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«ԵԹԵ ԳԻՆՈՒ ՄԵՋ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ՉԴՆԵՍ, ԳԻՆԻՆ ԳԻՆԻ ՉԻ ԼԻՆԻ»

«ԵԹԵ ԳԻՆՈՒ ՄԵՋ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ ՉԴՆԵՍ, ԳԻՆԻՆ ԳԻՆԻ ՉԻ ԼԻՆԻ»
23.10.2009 | 00:00

ԱՄԵՆ ԿԱՐՄԻՐ ԳԻՆԻ «ԱՐԵՆԻ» ՉԷ
Արենի գյուղում անցած շաբաթ տոն էր՝ բառի իսկական իմաստով։ Գինու տոնը նշվեց ոչ միայն պաշտոնական շրջանակներում, որին ներկա էին ՀՀ-ի և ՈՒկրաինայի էկոնոմիկայի նախարարներն ու այլ բարձրաստիճան հյուրեր, այլև ցնծում էր գյուղի ողջ բնակչությունը։ Գինին, տոնական սեղաններին զարդ լինելուց բացի, նաև տնտեսական շահավետություն ունի։ Հայաստանում քիչ չեն գինի արտադրող ձեռնարկությունները։ Հետաքրքրական է, որ գրեթե բոլորն արտադրում են «Արենի» գինի։ Այս փաստը հիմք դարձավ մի հետաքրքիր զրույցի, որը ծագեց զբոսաշրջության ինստիտուտի տնօրենի և գինեգործների միջև։ Ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանի կարծիքով՝ ոչ բոլոր «Արենի»-ներն են համապատասխանում անհրաժեշտ որակական պահանջներին, ինչը հաստատեցին նաև Արենի գյուղի գինեգործները։ Նկատի ունենալով այս խոսակցությունը, խնդիրը փորձեցինք պարզել «Վայք գրուպ» ընկերության ղեկավար ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ։
-Վայոց ձորում արտադրվում է շատ քիչ քանակությամբ «Արենի» տեսակի խաղող, որի օրրանը հենց Արենի գյուղն է։ Այն այլ վայրերում ևս աճեցվում է, սակայն այդ դեպքում խաղողը փոխում է իր համային հատկություններն ու հատկանիշները։ Չնայած սրան, ՀՀ-ի բոլոր գինի արտադրող ձեռնարկությունները «Արենի» գինի են արտադրում, ինչը ֆիկցիա է, քանի որ այլ վայրերում աճեցված «Արենին» չի համապատասխանում այս տեսակի խաղողին։ Այսինքն` այդ գինիներն «Արենի» արտադրության չեն։ Այս խնդիրը ներկայացված է կառավարությանը, և գործադիրը խոսք է տվել հարցը կարգավորել։ Մեր խնդրանքն այն է, որ արտադրվող բոլոր կարմիր գինիները չանվանվեն «Արենի»։
Ե՛վ խոշոր, և՛ միջին ձեռնարկություններն արտահանման խնդիրներ չունեն, դրանք լուծված են։ Եթե լինի ապրանքանիշի օրենսդրական պաշտպանվածություն, ապա այդ ոլորտում մի ուղղությամբ դժվարությունը հաղթահարված կլինի։ Երկրորդ կարևորագույն խնդիրը տնտեսական ճգնաժամն է, երրորդը` շատ ցանկալի կլիներ պետության աջակցությունն այն իմաստով, որ արտերկրներում մեր արտադրանքը խրախուսվի, այն գովազդելու արտոնյալ պայմաններ ունենանք։ Կարծում եմ՝ պետությունը պետք է մեր խնդրանքին ականջալուր լինի, քանի որ Վայոց ձորում գինեգործությունը նպաստում է գյուղական տնտեսությունների զարգացմանը խաղողի արտադրության միջոցով։ Իհարկե, պետք է նշեմ, որ այս տարի կառավարությունից ստացել ենք վարկային միջոցներ, որոնք ուղղվելու են գործարանի արդիականացմանն ու ընդլայնմանը։
-Խոշոր ընկերությունները, մասնավորապես «Վեդի վայնը», որն այս գյուղում «Արենի» խաղողի այգիներ ունի, չե՞ն ճնշում միջին բիզնեսին։
-«Վեդի վայնն» ամենևին խոչընդոտներ չի ստեղծում մեզ համար։ Ավելին, նա մեր գործընկերն է և հնարավոր ամեն բան անում է «Արենի» գինու ապրանքանիշի պաշտպանության համար։ Ցանկանում ենք ունենալ մեկ ընդհանուր ապրանքանիշ, որպեսզի վայոցձորյան արտադրության գինիներն ունենան այդ տարբերանշանը, և մարդու ձեռքում շիշը հայտնվելուն պես նա իսկույն իմանա, որ դա «Արենի» գինի է ու կեղծ չէ։ Մեզ խանգարում են նրանք, ովքեր կեղծ և շատ էժան, շիշը 600 դրամով «Արենի» գինի են վաճառում։ Տեսեք, այս պահին հանրապետությունում ամենուր խաղողի բերքահավաք է, և մթերող գինեգործական ընկերությունները կիլոգրամը 130 դրամից ավելի գումարով չեն մթերում։ Իսկ մեր ընկերությունը մթերում է 180 դրամով։
-Այդ դեպքում ինչո՞ւ մեծ մասը ձեզ չի վաճառում իր խաղողը։
-Մեր գործարանի արտադրական ծավալները մեծ չեն` տարեկան 60-70 հազար շիշ։ Այս պահին մթերել ենք 60 հազար տոննա խաղող, նախատեսում ենք այդ թիվը հասցնել 80 հազարի։
-Ըստ Ձեզ՝ լավ գինի արտադրելու գաղտնիքը ո՞րն է։
-Եթե գինու մեջ ջերմություն և սեր չդնես, գինին գինի չի լինի։
«ԳԻՆԻ, ՏՈՒՐԻԶՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ»
Նկատենք, որ Արենի գյուղում «Արենի» գինու տոնակատարությունը, ըստ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության, կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը։ Ինչ խոսք, հնարավոր է, քանի որ ազգային գյուղական կոլորիտը շատ հետաքրքիր կարող է լինել զբոսաշրջիկի համար։ Սակայն ինչպե՞ս պետք է զբոսաշրջիկն այդ ամենին տեղյակ լինի, եթե տուրիստական գործակալությունները չէին բարեհաճել ներկա գտնվել այս տոնին՝ իրենց զբոսաշրջիկներով հանդերձ։ Կարծում ենք՝ սա ոչ միայն գործակալությունների բացթողումն է, այլև պետության և մասնավոր հատվածի ոչ կոորդինացված աշխատանքի արդյունք։ Ինչևէ, ըստ տուրիզմի զարգացման մարզային կենտրոնի ղեկավար ՇԻՐԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ, մարզում տուրիզմը դեռևս զարգացած չէ։ Զբոսաշրջության հետ կապված այլ հարցերի շուրջ էլ հակիրճ զրուցեցինք նրա հետ։
-Երբ կոմունիստական համակարգից անցանք տնտեսական ազատական հարաբերություններին, տնտեսության մեջ բազմաթիվ խնդիրներ առաջացան, որոնք սոցիալական խնդիրների առիթ դարձան,- ասաց պարոն Միքայելյանը։- Բնականաբար, պետությունը զբաղված է դրանց հաղթահարմամբ և զբոսաշրջությանն առանձնակի ուշադրություն չէր դարձնում։ Այն նոր-նոր զարգացող ճյուղ է։ Որպես տուրիզմի զարգացման մարզային կենտրոնի ղեկավար, նշեմ, որ մշակել ենք 2009-2012 թթ. Վայոց ձորում տուրիզմի զարգացման ռազմավարական ծրագիր։ Այդ փաստաթղթով հստակեցված է պետության, կազմակերպությունների և այլ պատկան կառույցների, տեղական իշխանությունների բիզնես-սեկտորի, ազգաբնակչության դերը։
Հայաստանն ընդգրկված է Սևծովյան ավազանի «Գինի, տուրիզմ և մշակույթ» ծրագրում, և մեր կազմակերպությունը ներկայացնում է ՀՀ-ն։ Երկու շաբաթ առաջ մեր մարզում տեղի ունեցավ ծրագրին առնչվող հերթական քննարկումը։
-Պետությունն աջակցո՞ւմ է ձեզ։
-Ամենակարևորը՝ չի խանգարում, ավելին, մեր նախաձեռնություններին որոշ չափով ընթացք է տալիս։ Ընդգծեմ, որ մեր մշակած ռազմավարական ծրագիրն առաջիկայում ներկայացնելու ենք կառավարությանը։
-Ըստ այդ ռազմավարության, կանխատեսո՞ւմ եք, թե ձեր մարզում տարեկան որքան զբոսաշրջիկ կունենաք։
-Հաստատված հաշվարկների համաձայն՝ Հայաստանում զբոսաշրջիկների միջին թիվը 400-500 հազար է։ Պատկերացրեք, որ նրանց 90 տոկոսն այցելում է Վայոց ձոր։ Սակայն զբոսաշրջիկներն այստեղ երկար չեն մնում։ Դրա պատճառը ենթակառուցվածքների ոչ բարձր մակարդակն է։ Բացի այդ, շատ թանկ են տրանսպորտային ծառայությունները։ Տրանսպորտը մայրաքաղաքից է վարձակալվում, և եթե զբոսաշրջիկը մի քանի օր մնա այստեղ, ապա դա բարձրացնում է տուրիստական փաթեթի արժեքը։ Մեր մշակած ռազմավարության ծրագրի փաթեթի մեջ այդ խնդիրների լուծումը ներառված է։
Նյութը պատրաստեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3021

Մեկնաբանություններ